Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այլ ճշմարտություն չկա այս արևի տակ

Այլ ճշմարտություն չկա այս արևի տակ
27.03.2025 | 20:33

Պատրաստ եմ ոտքով շրջել աշխարհը և ամեն հայի սրտին ու մտքին իմ խոսքը հասցնել:
Հիվանդացրել են մեզ՝ ինքներս մեզ չսիրելու և չվստահելու դաժան հիվանդությամբ:
Մարմնական հիվանդությունները չեն բուժվում, եթե ախտը հասել է բջիջներին:
Հոգին զուրկ է բջիջներից, հետևաբար նրա բուժումն ու ապաքինումը լինում է նախ` Աստծո ողորմածությամբ, ապա մարդու բարի կամքով:
Մենք՝ հայերս, ունենք այդ բարի կամքը:
Մենք` հայերս, մեր ներքին էությամբ և բնույթով անմիաբան չենք, մեր պարերը` ձեռք ձեռքի, ուս ուսի, քով քովի են, մեր երգերը` միաձայն են, այսինքն` ոչ բազմաձայն, մենք երգում ենք մեկ մարդու նման, նույն ձայնով, այսինքն՝ համաձայն ենք:
Մեր արյունակցական-հարազատական-ընկերական հարաբերությունները ամենաջերմն ու վստահելին են եղել դարեր շարունակ:

Տարիներ շարունակ իմ հոդվածներում ես ապացուցել եմ, որ մենք՝ հայերս, միակամ և միաբան ազգ ենք։
Մեր մեջ սողոսկել են ու մեր անունից մեզ նսեմացնում են, մեզ վնասում պառակտելով:
Մենք կարող ենք ու պե՛տք է մաքրենք դրսից պատվաստված աղտն ու ախտը:

Մենք նաև հաղթող ազգ ենք: Սակայն մենք ավելի դյուրությամբ ենք հաղթում դրսի թշնամուն, քան ներսի՝ տանու թշնամուն:

Ինչու՞:
Որովհետև ներքին հավատ ունենք հայի՝ մեր հայրենակցի հանդեպ, որ նա չի կարող դավադիր լինել ազգին ու երկրին:

Ավա՜ղ, մեր մեջ սողոսկել են մարդիկ, ովքեր իրենց հոգով ու մտքով ՀԱՅ չեն:

Մենք հո՞ տեսնում և հասկանում ենք դա, ուրեմն զանազանենք նրանց մեզանից և վերադառնանք մեր էությանը՝ մնանք միաբան, հզորացնենք մեր ազգը, մեր հայրենիք – պետությունը:
Այլ ճշմարտություն չկա այս Արևի տակ...

Հ․Գ․

Այս գրառումը կատարել եմ վեց տարի առաջ, և Հայաստանում այս ընթացքում եղավ պարտադրված և պայմանավորված պատերազմ, պարտադրված և պայմանավորված պարտություն, Արցախի 10-ամսյա դաժան շրջափակում, ադրբեջանի սանձազերծած նոր, կայծակնային պատերազմ Արցախում, Արցախի հայարզկում, արցախցիների բռնագաղթ:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետության ռազմավարական կարևորության տարածքների և բարձունքների նվիրում թշնամուն, թշնամու ապօրինի պահանջների բավարարում՝ Սահմանադրւթյան փոփոխության խոստումով, Արցախյան խնդրից պաշտոնապես հրաժարվելով, և այնպես, ինչպես Արցախի վերջին նախագահ Շահրամանյանը լուծարեց Արցախի Հանրապետությունը, նիկոլ փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը տանում է քաղաքական այնպիսի իրավիճակի, որ պետականության գոյությունը անհամատեղելի լինի Հայաստանի քաղաքական գոյության հետ:
Իսկ ի՞նչ են անում մեր Ազգային անվտանգությունը, իրավապահ մարմինները, քաղաքագետներն ու քաղաքական գործիչները և մեր ժողովուրդը՝ հավաքական իմաստով:

Ոչինչ։
Պարզապես պետական պաշտոնյաները կա՛մ նիկոլ փաշինյանի կատարած հանցագործություններն են անտեսում, իսկ ընդդիմադիր կողմը՝քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ, պատմաբաններ, միայն թվարկում են նիկոլի կատարած պետական հանցագործությունները:
Ո՞վ է լինելու պատասխանատուն Հայաստանակործան այս գործողությունների համար: Իհարկե պատերազմի սանձազերծման և դաժանությունների համար պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկել այս ամենի համար թշնամի պետություն ադրբեջանին և նրա դաշնակիցներին, և Հայաստանի կառավարության առաջին դեմքին, որը, իր բնորոշմամբ, «պատասխանատու է, բայց մեղավոր չէ․․.»:
Կա՞ իրավագիտության և քրեական տրամաբանության մեջ այնպիսի բան, որ հանցանք կատարած անձը լինի պատասխանատու, կատարի հանցանք, բայց մեղավոր չլինի:
Իրավագետնե՛ր, պատասխանե՛ք իմ հարցին․պատասխանատվություն կրող մարդը, առավել ևս՝ երկրի ղեկավարը, որ պատասխանատվություն է կրում պետության սահմանների պաշտպանությունն ու ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար, անընդհատ հիշեցնում է պատերազմով սպառնացող թշնամու հոխորտանքը և հոգեբանական ճնշում է գործադրում ժողովրդի վրա՝ արդարացնելու և՛ իր անգործությունը պաշտպանության հարցում, և՛ թշնամու պահանջները կատարելու պատրաստակամությունը, նա պետական ՀԱՆՑԱԳՈՐԾ Է․

Իսկ հանցագործերին պետք է նախ՝ մեկուսացնել:
Չունե՞նք ԱԱԾ, իրավապահ մարմիններ,
ոստիկանություն, բանակ, որ փորձեն ընդդիմանալ այս կործանմանը:
Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահանջում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապահ մարմիններից և ոստիկաններից անհապաղ կալանավորել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությանը:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ
27․03․2025 թ․

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 6638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ